2023 հանրահասանելիության շաբաթվա թեման՝ Հանրության շահերը վեր են առևտրայնացումից

Միջազգային հանրահասանելիության շաբաթվա (հոկտեմբերի 23-29) այս տարվա թեման է՝ «Հանրության շահերը վեր են առևտրայնացումից»։ Թեմայի նպատակն է խրախուսել քննարկումներն այն մասին, թե հանրահասանելի գիտության որ միտումներն են առաջնահերթ հասարակության և ակադեմիական հանրույթի շահերի համար, որոնք՝ ոչ։

Ըստ հանրահասանելի գիտության վերաբերյալ UNESCO-ի 193 անդամ պետությունների կողմից ընդունված հանձնարարականի՝ առաջնահերթությունը պետք է տալ հասարակության շահերին, դրանք վեր դասել կոմերցիոն շահերից՝ պետական ֆինանսավորմամբ գիտական գործունեությունից շահույթ ստանալու հնարավորությունը կանխարգելելու և ոչ կոմերցիոն, համագործակցային հրատարակչական մոդելներին հոդվածների հրատարակման վճարների հարցում աջակցելու նպատակով։ Կենտրոնանալով այս ոլորտների վրա՝ մենք կարող ենք հասնել այն նախնական տեսլականին, որն ուրվագրծվել էր, երբ առաջին անգամ սահմանվեց հանրահասանելիությունը՝ «հնուց եկած ավանդույթն ու նոր տեխնոլոգիան միավորվել են աննախադեպ հանրային բարիքը հնարավոր դարձնելու համար»:

Երբ առաջնահերթությունը տրվում է կոմերցիոն շահերին, այլ ոչ թե հանրությանը, ում կոչված է ծառայել գիտությունը, առաջանում են մտահոգիչ մի շարք խնդիրներ։ Հանրահասանելիության շաբաթն անհատներին հնարավորություն է ընձեռում քննարկել իրենց տարածաշրջանին համապատասխան առավել տեղայնացված հարցեր։ Դրանց շարքում կարող են ընդգրկվել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝

·       ի՞նչն է կորսվում, երբ գիտնականների փոխարեն գիտական արտադրանքը վերահսկվում է քիչ քանակով ընկերությունների կողմից,

·       որքա՞ն արժեն շահույթի ծայրահեղ մակարդակներ սահմանող բիզնես մոդելները,

·       ե՞րբ է անձնական տվյալների հավաքագրումն ու օգտագործումը սկսում խաթարել ակադեմիական ազատությունը,

·       կարո՞ղ է արդյոք առևտրայնացումը երբևէ գործել ի շահ հանրության,

·       հանրության կողմից վերահսկվող ենթակառուցվածքների օգտագործման ի՞նչ տարբերակներ գոյություն ունեն, որոնք կարող են ավելի լավ ծառայել գիտական հանրույթի և հասարակության շահերին (ինչպիսիք են՝ նախատպագրական սերվերները, առցանց պահոցները և բաց հրատարակչական հարթակները),

·       ինչպե՞ս կարող ենք մենք փոխել այս միտումը դեպի հանրայնանպաստ տարբերակների կիրառում։ 

Հանրահասանելիության շաբաթվա խորհրդատվական հանձնաժողովի կողմից ընտրված թեման հնարավորություն է տալիս միավորվել, գործողություններ ձեռնարկել և բարձրացնել գիտելիքի տարածման համակարգերի համայնքային վերահսկողության կարևորության մասին իրազեկվածությունը։ Հանրահասանելիության շաբաթ 2023-ը կանցկացվի հոկտեմբերի 23-29-ը, սակայն խրախուսելի է նաև թեմայի շուրջ քննարկումներ անցկացնել և գործունեություն ծավալել ողջ տարվա ընթացքում՝ տեղայնացնելով թեման և գործողությունները։

Հանրահասանելիության շաբաթվա մասին մանրամասների համար այցելեք openaccessweek.org կայք։ Թվիթերյան պաշտոնական հեշթեգն է #OAWeek ։

Այս հայտարարության տարալեզու թարգմանությունները կարելի է գտնել openaccessweek.org կայքում:

Translated by: Tatevik Tamazyan

SPARC-Ի ՄԱՍԻՆ

SPARC-ը շահույթ չհետապնդող իրավապաշտպան կազմակերպություն է, որն աջակցում է հանրամատչելի հետազոտական և կրթական համակարգերին։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդ մեր աշխարհը ձևավորող գիտելիքից ազատ օգտվելու և նրանում սեփական ներդրումն ունենալու հնարավորություն պետք է ունենա։ Միջազգային հանրահասանելիության շաբաթը ստեղծվել է SPARC-ի և գործընկերների կողմից 2008-ին ուսանողական համայնքում։ Ավելին՝ sparcopen.org կայքում։

ՀԱՆՐԱՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹՎԱ ՄԱՍԻՆ

Հանրահասանելիության շաբաթը հիանալի հնարավորություն է գիտելիքն անխափան տարածելու համաշխարհային շարժումը մարդկության վրա ներազդող փոփոխությունների և սոցիալական խնդիրների հետ կապելու համար։

Միջոցառմանը մասնակցում են անհատներ, հաստատություններ և կազմակերպություններ, իսկ կազմակերպման կառավարումը իրականացնում է խորհրդատվական հանձնաժողովը։ Հանրահասանելիության շաբաթվա պաշտոնական հեշթեգն է #OAweek ։

Previous
Previous

中文

Next
Next

български